Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 օր ժամանակ Երեւանի քաղաքապետին

Հասարակություն
bd4cfabb2f77ed88c23fd4829ba2c69c

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներն այսօր 7-օր ժամանակ տվեցին Երեւանի քաղաքապետին եւ ավագանու անդամներին՝ «Երեւանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու համար։

Հակառակ դեպքում, ինչպես նշեց շարժման անդամ, նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը , կդիմեն «սուր եւ կոշտ միջոցների»։ Այդ մասին առայժմ չեն բարձրաձայնում։

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր շարժման անդամները այսօր ասուլիս էին հրավիրել։

90 օր շարունակ նստացույց անցկացնելուց հետո որեւէ բան չի փոխվել, արդյոք կարող է 7 օրում ինչ-որ բան փոխվել՝ «Ա1+»-ի հարցին՝ շարժման անդամ, նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը պատասխանեց, որ դա կախված կլինի, թե ովքեր կմիանան իրենց շարժմանը։ Նրանք միավորման կոչ ուղղեցին քաղաքական ուժերին։

«Դա ազդակ կլինի տեղական ինքնակառավարման մարմինների համար, որպեսզի եւս մեկ ավելորդ անգամ հանրությունը ապացուցի, որ 3 հոգու պահանջ չէ, այլ՝ հանրային։ Իրադրությունը հստակ կփոխվի, քանի որ լուրջ քայլ կլինի, որ քաղաքական եւ ակտիվ դաշտը որեւէ խնդրի կամ առանցքի շուրջ համախմբվի»,- նշեց նա։

 

«Վճարում ենք 100 դրամ շարժման » անդամների հայտարարությունը

Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել հակասոցիալական և ապօրինի որոշումներ:
Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի «համոզիչ» հիմնավորումներ փնտրելու նպատակով:
Քաղաքացիները ներկայացրեցին իրավական փաստարկներ` պաշտոնանկանել ու օրենքներ խախտած և կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանին և Հենրիկ Նավասարդյանին: Պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ՝ ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը: 90 օր շարունակվող նստացույցն ի ցույց դրեց նաև վարչախմբի գաղափարական սնանկությունը, ոստիկանական համակարգի ընդամենը իմիտացիոն, կոսմետիկ փոփոխությունները:
Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ:

Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինականպահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի սուր և ակտիվ գործողությունների:


Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը և միասնական օրակարգ ձևավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Վճարում ենք 100 դրամ շարժման անդամներ