Վարդան Պետրոսյանը կտեղափոխվի պալատ
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է։ Վաղը վերակենդանացման բաժանմունքից նա կտեղափոխվի պալատ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ճանապարհին BMW եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից երկուսը մահացել են։
Ըստ համացանցում հայտնված լուսանկարների՝ վթարի հետեւանքով վնասվել է Վարդան Պետրոսյանի վարած BMW-ի դիմացի մասը, իսկ «Նիվան» հարված է ստացել հետեւից։
Վթարից հետո Վարդան Պետրոսյանը վիրահատության էր ենթարկվել՝ հեռացվել է նրա փայծաղը։
Ոստիկանությունում վթարի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քր. Օր 242 հոդվածի 3-րդ մասով՝ (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Հոդվածը նախատեսում է 4-ից 10 տարի ազատազրկում։