«Ֆլեշ»-ը մտադիր է հերթական բազմահարկը կառուցել
Այսօր վաղ առավոտից Ամիրյան 18 եւ 18 ա, ինչպես նաեւ 24 շենքերի բակերում իրարանցում էր` դադարեցված շինարարությունը վերսկսվել է։
Բնակիչների տվյալներով՝ շինարարությունն իրականացնում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն եւ մտադիր է հերթական բազմահարկը կառուցել։
Բնակիչներն ընդվզում են: «Ով է տվել իրավունք` ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին զրկել արեւի լույսից»,- ասում է բնակիչ Կարինե Մուրադյանը: «Մեր դիմացը փակում է 14 կամ 16 հարկանի շենքով, այն վերջին տանը հրդեհ եղավ, հրշեջ մեքենան չկարողացավ մտնի, մինչեւ այդքան միացումներ տվեցին, բաղդատ շենք է»,- մտահոգվում է Անուշիկ Վարդգեսյանը: «Դուք կարող եք բացատրել հիմքերը այն փաստի, որ գլխավոր ճարտարապետը, վարչապետը, քաղաքապետը նայում են եւ ասում` այո, դուք ճիշտ եք, նրանք իրավունք չունեին այդպիսի բան անելու եւ պետք է հաշվի առնեին ձեր կարծիքը»,- ասում է մեկ այլ բնակիչ` Անի Մանդալյանը:
Բնակիչներին այսօր վրդովեցրեց նաեւ իրենց բակում ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, հանրապետական Գագիկ Մելիքյանի հայտնվելը: Նրանք կարծում են, որն նա էլ ցանկանում է նորակառույցից բնակարան ձեռք բերել։ «Ես ուղղակի պատահական այստեղով անցնում եմ»,- արդարացավ Մելիքյանը։
Բնակիչները շինարարություն իրականացնողին եւ նրան թույլտվություն հատկացնողին հիշեցնում են` իրենց շենքը բաղդատից է եւ վթարային. «Մի քիչ տրակտորն աշխատել է, ամբողջ շենքի պատերը քանդվել է։ Ամբողջ ամառվա ընթացքում պատուհանները փակել ենք»:
Վերսկսված շինարարության դեմ բողոքող բնակիչները պահանջում են իրենց բակում ավելացնել կանաչ տարածքները: «Նայեք՝ ինչքան շենքեր կան, մի հատ այգի չկա, թող մի այգի կառուցեին, քաղաքապետն էլ գար, լենտը կտրեր, մենք էլ ուրախանայինք»,- նկատեց բնակչուհի Ամալյա Հովհաննիսյանը:
Բնակիչների խոսքերով` այն, որ ապրում են անօրինական երկրում, իրենց չի խանգարի չհանդուրժել հերթական ապօրինի շինությունը: