Սրտանոթային խնդիրներ՝ նաեւ 19- 20 տարեկանում
Հայաստանում սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. փաստում են նաեւ ֆրանսիացիները։
«Հայաստանում սրտային հիվանդությունների երիտասարդացում է նկատվում», - այս մասին այսօր ասաց սրտաբան Բագրատ Ալեքյանը՝ Հայաստան- Ֆրանսիա կազմակերպության կազմակերպած Սրտաբանների եվրակովկասյան 4-րդ համաժողովին։
«Սրտանոթային հիվանդություններով ավելի շատ սկսել են հիվանդանալ 19 - 20 տարեկան երիտասարդները», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սրտաբանը։ Ըստ նրա՝ հիվանդության երիտասարդացման պատճառները շատ են. «Հիվանդության ակտիվացմանը 40 տոկոսով նպաստում են աթերոսկլերոզը, 30 տոկոսով՝ ծխախոտը», - ավելացրեց Ալեքյանը։ Սրտաբանը խորհուրդ է տալիս կրծքավանդակի շրջանում ցավեր ունենալու դեպքում դիմել բժշկի. «Ինքնաբուժությամբ չզբաղվել, որքան շուտ դիմեք բժշկի, այնքան հեշտությամբ կկանխվի հիվանդությունը», - ասաց նա։
«Սրտանոթային հիվանդությունների թիվը, բնակչության թվի հետ համեմատած, Հայաստանում գրեթե նույնն է, ինչ Ֆրանսիայում», - ասաց ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատինյանը։ Նա համեմատում է. «Եթե Ֆրանսիայում սրտամկանի ինֆարկտը գլուխ է բարձրացնում 60 տարեկանում, ապա Հայաստանում՝ 45 տարեկանից»։ Ֆրանսիացի սրտաբան Պոլ Բարագմանը կարևորում է հայ- ֆրանսիական սրտաբանների համագործակցությունը։ Նրա խոսքով՝ փորձի փոխանակման դեպքում Հայաստանում սրտաբուժության ոլորտում հաջողություններ կարձանագրվեն։