«Դու տղավարի չես պահել քեզ, Տիգրան»
Մեկ տասնյակից ավելի ազատամարտիկներ քիչ առաջ նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։
Դրանից հետո մեկնարկեց երթը դեպի կառավարության շենք։ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իրենք կառավարություն են գնում՝ հիշեցնելու ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին, ինչը դեռեւս այս տարվա մայիսից բարձրաձայնում էր Վոլոդյա Ավետիսյանը։
Կառավարության շենքի մոտ արդեն ազատամարտիկները հայտարարեցին, որ վարչապետը ժամանակ էր ուզել խնդիրներին ծանոթանալու համար, սակայն դրանից հետո Վոլոդյա Ավետիսյանին կալանավորեցին։ «Այնպես որ, ուղղեք ձեր սխալները, դու տղավարի չես պահել քեզ, Տիգրան»,- Կառավարության շենքի դիմաց վարչապետի հասցեին հայտարարեց Գագիկ Սարուխանյանը։
Հիշեցնենք՝ պահեստազորի գնդապետ, արդեն մեկ ամիս կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին ՊՆ քննչական մարմինը նոր մեղադրանք է առաջադրել՝ խարդախություն կատարելու փորձի համար։Ավելի վաղ նա դարձյալ մեղադրվում էր խարդախության մեջ։