Տրանսպորտի գնի շուրջ կարծիքները հակասական են
«Մեր հաշվարկներով՝ տրանսպորտի սակագնի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ իսկ ներքաղաքային տրանսպորտի բարեփոխումները կարելի է իրականացնել անգամ 100 դրամ սակագնի դեպքում»,-այսօր հայտարարեց Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հանդես եկող տնտեսագետ Դավիթ Գևորգյանը:
Հակադրվելով նրան՝ ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ համամիտ չէ այս հաշվարկներին. «Այս հաշվարկները հիմք չունեն, չեն համապատասխանում իրավիճակին: Այսօր 23 երթուղի չի սպասարկում այն պատճառով, որ փոխադրող չկա: Մենք կանգնել ենք փակուղու առաջ, եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը գնալով վատանալու է»։ Ըստ Եղիազարյանի՝ իրենք հաշվել են միկրոավտոբուսների սակագնի համար 200 դրամ»:
Ավելին՝ եթե գազի գինը և տրանսպորտի այլ ծախսեր բարձրանան, հնարավոր է այդ գնի մեջ էլ չտեղավորվեն:
Ի պատասխան քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովին մասնակցելու կոչին` Դավիթ Գևորգյանը պատասխանեց. «Ձեր հանձնաժողովի նիստերին մասնակցելը նշանակում է երկու հոգով գնալ Հանրապետականի նիստին, մենք էլ ենք հանձնաժողով ձևավորել, որն, ի տարբերություն ձեր հանձնաժողովի, բաց է, և բոլորը կարող են մասնակցել»:
Ի դեպ, այսօր ժամը 17-ին քաղաքապետարանում տեղի է ունենալու քաղաքապետարանի կողմից հրավիրված հանձնաժողովի նիստը։