Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ամիս է՝ նորմալ չեն լողացել

Հասարակություն
e945dc18442d591eef930986a0b1d788

Նուբարաշենի Այգեգործական թաղամասի 10-15 տուն արդեն մեկ ամիս է ջուր չունի։
10 տարվա պատմություն ունեցող թաղամասի համար սա նորություն չէ. վերջին մեկ տարում, բնակիչների խոսքերով, իրենց ջուրը պարբերաբար կտրում են։

«Ես 6 տարի է՝ ապրում եմ այս թաղամասում ու էսպիսի բան չենք տեսել, նորմալ ջուր ենք ունեցել։ Ինչ է կատարվում՝ չենք հասկանում, ծորակները չորացել են, մենք էլ մոռացել ենք, թե ինչ բան է ջուրը»,-իր զայրույթը մի կերպ զսպելով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Այգեգործական թաղամասի բնակիչ Գայանե Մաթեւոսյանը։

Գայանե Մաթեւոսյանի խոսքերով, իրենք դիմել են թաղամասի ջրմուղի պետին՝ Օնիկ Մաթեւոսյանին, սակայն նա որևէ պատասխան չի տվել, միայն ասել է, որ իրենից կախված չէ։

«Մեր պայմանագրերը տեսուչի մոտ է, էդ մարդուն ասում ենք՝ բեր, չի բերում։ Ջրաչափը մեր ուժերով ենք տեղադրել։ Ջրմուղի պետն էլ ասում է, որ պայմանագրերը ցույց տանք։ Եթե պայմանագրերը տեսուչի մոտ է, մենք որտեղի՞ց տանք։ Չենք հասկանում, ոչ մեկ մեզ կոնկրետ պատասխան չի տալիս»։

Մեկ այլ բնակչուհի՝ Սվետա Մարտիրոսյանն էլ «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք դիմել են «Երեւան-Ջուր» ընկերություն, սակայն «Երեւան-Ջուրը» որևէ պատասխան չի տալիս։

«Զանգել ենք նույնիսկ 1-85, հասցեն և հեռախոսահամարները վերցնում են, սակայն ոչ գալիս են, ոչ էլ զանգում։ Ախր, փորք երեխաներ ունենք։ Ես մանկապարտեզի տարիքի թոռնիկ ունեմ, որին մանկապարտեզ չենք տանում՝ անլվա լինելու պատճառով, չեք պատկերացնում՝ ինչ անտանելի վիճակ է, չենք կարողանում լողանալ, լվացք անել, տարրական հիգիենայի կանոններին հետեւել»,-իր դժգոհությունը հայտնեց Սվետա Մարտիրոսյանը։

«Երեւան-Ջուր» ընկերությունից մեզ խոստացան պարզաբանումներ տալ օրվա ընթացքում։