Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդարադատության նախարարը չափն անցել է»

Հասարակություն
4e1265d208e47897131787451eca076d

Պաշտոնյաների աշխատավարձն են բարձրացնում, իսկ փաստաբաններին ստիպում են տարեկան 60.000 դրամ վճարել; Իր վրդովմունքն ու զարմանքն է արտահայտում փաստաբան Հովիկ Արսենյանը:

«Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Արդարադատության նախարարն չափն անցել է։ Ինքն էլ համարվում է սահմանադրագետ, ամո՛թ իրեն»,- «Ա1+»-ին ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ եւ այդ լիազորությունները վերապահվել է Արդարադատության նախարարությանը։

Ուստի յուրաքանչյուր փաստաբան, փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար, պետք է վճարի 60.000 դրամ:

Փաստաբանները խնդրի առիթով արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի հետ հանդիպում էին ունեցել, եւ վերջինս ասել էր, որ վարչապետը հանձնարարել է գտնել հնարավորություն, տարբերակ, որպեսզի ավելացվող 18 հանրային պաշտպանի հաստիքը կարողանան պահել:

Երբ առարկել են` մատնանշելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը, ըստ որի` անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը, փոխնախարարն ասել է, թե Սահմանադրության 20-րդ հոդվածում գրված չէ, որ անվճար իրավաբանական օգնությունը պետք է դրվի պետության վրա: