Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ ինչ եզդի` առանց ոչխարի»

Հասարակություն
ce96a5902ea0b6d91fb9ef3ba776280d

Էլ ինչ եզդի` առանց ոչխարի. ասում են հենց իրենք՝ եզդիները եւ ցավով խոստովանում` ստիպված են հրաժարվել ոչխարաբուծությունից։

Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում այս տարի ընդամենը 1000 գլուխ մանր եղջերավոր կա, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի. «Աշխատատար պրոցես է պահանջում, պետք է ընտանիքը 4-5 աշխատող ունենա, որպեսզի մի 100 ոչխարի ծին ընդունի»,- ասում է Ռյա Թազա գյուղի ղեկավար Ահմադ Բրոյանը։

Գյուղապետը մտահոգված է իրենց գոյատեւման հիմնական միջոցի՝ ոչխարաբուծության անկմամբ։ Սակայն ըմբռնումով է մոտենում նաեւ համագյուղացիներին, որոնցից շատերը ոչխարներին փոխարինում են խոշոր եղջերավոր անասուններով. «Կովը եկամուտ է տալիս ամեն օր, իսկ ոչխարը պետք է սպասես մինչև գառը մեծանա, հետո նոր վաճառես», - նշեց Բրոյանը։

Խոշոր եղջերավորներին խնամողները վստահեցնում են՝ իրենց գործը եկամտաբեր կլիներ, եթե անասնակերը գոնե մի փոքր էժան լիներ, իսկ կաթի մթերման գինն էլ բարձր. «Անցյալ տարի խոտի տուկը 1000-1500 դրամով եմ առել, էս տարի՝ 800-ով», - ասաց Ռոմիկ Սնջոյանը։

Համայնքի ղեկավար Բրոյանն էլ ավելացնում է. «Եթե կաթի գինը մի 10 դրամի տարբերությամբ բարձր լինի, միսն էլ 200 դրամով, անասնապահությունը եկամտաբեր կլինի»։

Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց գյուղում լրագրողներ հազվադեպ են հանդիպում, Ռյա Թազայի գյուղապետը մեզ խնդրեց իշխանություններին փոխանցել, որ չունեն մշակույթի տուն, հիվանդանոց եւ մանկապարտեզ։ Իսկ համայնքապետարանը փայտե տնակում է տեղակայված, քանի որ շենք չունեն. «Տեսնեն տնակի վրա գրված է գյուղապետարան՝ պրոստը Հայաստանի հեղինակության համար լավ չի»։