Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքանո՞վ է շախմատն օգնում մարդուն

Հասարակություն
5bb0e34b87e58beeb1406c6c33c69998

Ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի ներքո նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ և ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար: Ծրագիրը ներկայացվեց հոկտեմբերի 28-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մերի Լու Փափազյանը և այլոք:

Ֆիլմերի ցուցաշարի բացումը կկատարվի «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրմամբ, որը մի ուշագրավ ու անհավատալի իրական պատմություն է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի թիվ 318 հիմնական դպրոցի մասին, որն ի հեճուկս տիրող կարծրատիպերի՝ ունի երկրի լավագույն երիտասարդական շախմատի թիմը:

«Բրուքլինյան ամրոցը» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես շախմատի նկատմամբ սերը բազմապատկում է երեխաների ակնկալիքներն առ այն, թե ինչի է հնարավոր հասնել կյանքում: Եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կարող են անել նաև ցանկացած այլ բան:

Ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևան («Մոսկվա» կինոթատրոն, 28 հոկտեմբերի, սկիզբը՝ 17:00), Գյումրի («Հոկտեմբեր» կինոթատրոն, 31 հոկտեմբերի, սկիզբը՝ 15:00) և Վանաձոր (1 նոյեմբերի, սկիզբը՝ 15:00):
«Երիտասարդների ներուժը» խորագրով այս ցուցաշարի մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնում։

Ֆիլմերից զատ, «Երիտասարդների ներուժը» ծրագրի ներքո Հայաստանի դպրոցականների շրջանում կազմակերպվել է շարադրությունների մրցույթ, որտեղ մասնակիցներին առաջարկվել է պատմել այն ուսուցիչների մասին, ովքեր կարողացել են ոգեշնչել իրենց: Ստացվել է 3200 շարադրություն: Այս նախաձեռնության համահովանավորն է Dasaran.am կայքը: Ցուցաշարի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհրապարակի մրցույթի հաղթողների անունները: