Անօթևանից էլ են գողանում
Արդեն 8 տարուց ավելի է՝ 64-ամյա Աիդա Հարությունյանը աղբակույտ թվացող տարածքում է ապրում` հենց Երևանի կենտրոնում: Մեր այցելության ժամանակ նա վատառողջ էր, սակայն զրույցի ընթացքում սկսեց հարդարել իրեն։ Թե ինչու է հայտնվել նման պայմաններում, չմանրամասնեց: Այսօր ոչ միայն տուն չունի, այլեւ՝ անձնագիր: Ասում է` կորցրել է, մի քանի անգամ գնացել է անձնագրային վարչություն, սակայն իրեն գցել են քաշքշուկների մեջ, և այդպես էլ անձը հաստատող փաստաթուղթ չի ստացել. «Հայաստանի Հանրապետությունում արդարություն չկա, որոշ մարդիկ ապրում են շատ լավ տեղերում, շատ լավ բնակարաններում, իսկ որոշ մարդիկ ոչ մի բան էլ չունեն: Մահճակալ էլ չունեմ, որ վրան քնեմ»,- նշում է նա:
Իր սոցիալական խնդիրներից ավելի, տիկին Աիդան նեղսրտում է մարդկանց վերաբերմունքից: Ասում է` նույնիսկ իր իրերն են գողանում, երբ կացարանում չի լինում:
Չնայած ծանր վիճակին, տիկին Աիդան հպարտությամբ ասում է, որ երբևէ մուրացիկ չի եղել: Օրվա հացը վաստակում է հավաքարարությամբ: Հույս ունի, որ անձնագիր ստանալուց հետո գոնե թոշակ կստանա եւ կկարողանա 4 պատ վարձել:
Մանրամասները` տեսանյութում: