«Մարտի 1-ի գործերով վախի նման մթնոլորտ չի եղել»
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն 7 ամիս է անցել, եւ այս ընթացքում նախաքննական մարմինը կարող էր ավելի ամբողջական նախաքննություն իրականացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Պարոն Վարդանյանը հիշեցնում է, որ դեռևս 2010 թ-ին Հրաչ Մուրադյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել եւ այն դեռ չի բացահայտվել. «Այս երկու գործերը պետք է միացնել իրար»։
Ասուլիսին ներկա Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանն էլ նշեց, որ գործը գնում է փակուղի։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը կոչ արեց նախաքննական մարմնին բացահայտել իրականությունը։
Նրա խոսքերով՝ նույնիսկ 2008 թ մարտի 1-ի գործերով վախի նման մթնոլորտ չի եղել, ինչպես այս գործով։
«Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման անդամները վաղը՝ ժամը 16.00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթով շարժվելու են դեպի նախագահական նստավայր՝ խնդիրը այնտեղ ներկայացնելու համար։ Սակայն այս ընթացքում նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, այդ թվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
Այսօր նրանք պատրաստվում են հանդիպել նաեւ նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։