Հողը վարակված է
Այսօր տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատման և իրագործելիության ուսումնասիրության» վերաբերյալ աշխատանքային եզրափակիչ հանդիպումը, որը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մասնագետները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ գերեզմանոցի տարածքի հողի վերին շերտը խիստ ախտահարված է, դրա հաջորդ շերտն ավելի քիչ է ախտահարված, իսկ ստորգետնյա ջրերն ախտահարված չեն, քանի որ դրանք բավական խորության վրա են գտնվում:
«Tauw» ընկերության ծրագրի ղեկավար Բոուդևին Ֆոկկեն իր խոսքում նշեց, որ հետագայում Նուբարաշենի Թունաքիմիկատների տարածքը նպատակահարմար չէ գյուղատնտեսական օգտագործման համար. «Առողջությանը սպառնացող ռիսկերն են դիտարկվել, և ըստ էության տարածքն օգտագործել նպատակահարմար չէ, ոչ միայն պետք է փակել տարածքը, այլ նաև սահմանել փակ ռեժիմ և թույլ չտալ, որ կենդանիներն արածեն»:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ պետք է 32 տեսակի թունաքիմիկատները համապատասխան առանձին տարաների մեջ տեղադրել, կան քիմիկատներ, որոնք չի կարելի այրել։
Վերջնական որոշում թունաքիմիկատների մշակման հարցով չկայացվեց։