«Վկաները վախենում են ցուցմունք տալ»
«Ապահով Հայաստանում հերոսի են սպանում», «Հրաչյա Մուրադյանը մեր հերոսն է», «Վերականգնեք հավատը վաղվա օրվա հանդեպ». այսպիսի բովանդակությամբ պաստառներով «Հրաչյա Մուրադյան՝ արդարության պահանջ» շարժումն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով, որ գործի վերահսկողությունն իր վրա վերցնի Սերժ Սարգսյանը։ Ազատամարտիկները հիշեցնում են Սերժ Սարգսյանին՝ «զոհվել է քո մարտական ընկերը»։
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա ոչ թե Հրաչյա Հարությունյանի դեմ ուղված գնդակ էր, այլ երկրի եւ պետականության։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց օրը ցերեկով կրակոցից մահացավ ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետ Հրաչյա Մուրադյանը։
Արմեն Ռուստամյանը մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ վկաներից շատերը վախենում են ցուցմունք տալ, այն դեպքում, երբ նրանց անվտանգությունը երաշխավորվում է. «Շատերը հեռանում են հանրապետությունից, իսկ մի մասն էլ՝ այս կամ այն պայմաններում մահանում»։
Գործի բացահայտումն այս պահին, ըստ պրն Ռուստամյանի, տեղապտույտի մեջ է հայտնվել, եւ իրենք հավաքվել են ասելու, որ այս վիճակը չեն հանդուրժելու։
Ռուստամյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ այդ սպանությունը 2010 թ. մահափորձի շարունակությունն էր։
Այս պահին երթը դեռ շարժվում է դեպի նախագահական նստավայր։