Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր և միջին ձեռնարկատերերը խուճապի մեջ են

Հասարակություն
7cce0d1ed8b86195bf52ac83f87eb9b3

Նոյեմբեի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներով։ Նման պահանջ նրանց առջև դրել է կառավարությունը՝ սեպտեմբերի 5-ի իր որոշմամբ։

Նաեւ որոշված է՝ նոր ՀԴՄ-ները տնտեսվարողները պետք է ձեռք բերեն Պետական եկամուտների կոմիտեի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից՝ 369,600 դրամով։

Փոքր և միջին ձեռնարկատերերը խուճապի մեջ են, սակայն
էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը շտապում է նրանց հանգստացնել. փոքր և միջին ձեռնարկությունների համար ՀԴՄ-ների գինը դեռ հայտարարված չէ. «Դեռևս բոլորի համար չի պարտադրված էդ սարքերը նոյեմբերի մեկից, այլ մի նեղ խմբի համար, ով ներմուծում է իրականացնում»։

Որքան էլ սահմանվի նոր ՀԴՄ-ների գինը, ՓՄՁ- ները վստահ են՝ կառավարության այս որոշումը իրենց դեմ է։

Մրգի և բանջարեղենի կրպակատերերից մեկն ասում է. «Շատ թանկ է, շատ դժվար կլինի ձեռք բերել։ Եթե չկարողանանք, երևի չաշխատենք»։

Ոմանք էլ իրենց բիզնեսը չկորցնելու համար ճարահատյալ պատրաստ են պարտքով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ները։

Էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է՝ նոր սերնդի ՀԴՄ-ները հարկային դաշտում ավելի թափանցիկ կդարձնեն տնտեսվարողի գործունեությունը, եւ սա միակ առավելությունը չէ. «Հնարավորություն են տալիս էլեկտրոնային վճարում ընդունել, պարզեցնում են բիզնեսի հաշվետվական համակարգը»։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր ՀԴՄ-ների վաճառքի մենաշնորհը Պետական եկամուտների «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ինն է, սակայն այսօր կոմիտեից «Ա1+»-ին գրավոր հայտնեցին, թե Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ-ների նոր սերնդի սարքավորումներ ներմուծել կարող է յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ ձեռներեց։

Պետական եկամուտների կոմիտեն նաեւ հիշեցնում է՝ սա ՀԴՄ-ների ներդրման երկրորդ փուլն է։ Առաջինը մեկնարկել է այս տարվա հուլիսի 1-ից. այն տարածվում է նախորդ տարվա արդյունքներով 500 մլն և ավելի դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարողների վրա։

Նոյեմբերի մեկից երկրորդ փուլի մեջ են մտնում ավելացված արժեքի հարկ վճարողները՝ 2012թ. և այս տարի 10 ամսվա ընթացքում 10մլն դրամ և ավելի գումարով ներմուծում կատարած տնտեսվարողները։ Կլինի նաև երրորդ փուլ. 2014 թվականի հուլիսի մեկից ՀԴՄ կներդնեն մյուս տնտեսվարող սուբյեկտները՝ ավելի ցածր գնով։

Նոյեմբերի 1-ից նոր սերնդի ՀԴՄ չկիրառելու կամ հuկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատաuխան uարք չտեղադրելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կնախազգուշացվի, իսկ նախազգուշացումից հետո, մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելու դեպքում կտուգանվի 150 հազար դրամի չափով:

Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կհասնի երեք հարյուր հազարի, իսկ այնուհետեւ տնտեսվարողի գործունեությունը կկասեցվի։

Պետեկամուտների տվյալներով՝ նոյեմբերի մեկից նոր սերնդի ՀԴՄ պետք է կիրառի մոտ 1750 տնտեսվարող։