Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր զինվորները պարտվել են քարտեզ չիմանալու պատճառով»

Հասարակություն
09ced324d56010bb9c4d9ea93dc6a7cf

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «SOS մշակույթ» ծրագիրը, որը կյանքի էր կոչվել 2012 թվականին՝ 24 ամիս տևողությամբ, նպատակ ուներ համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ճանաչելի դարձնել և արժևորել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում պահպանված մշակութային հնագույն կոթողները: Ծրագիրն արդեն ավարտվել է և դրան անձամբ մասնակցած հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վրդովված նկատում է. «Մեր սրբազան հայրենիքի կածանները ուսումնասիրված չեն, 10-ից միայն մեկը, որովհետև մենք քայլել չենք ուզում, որտեղ մեքենան հասնի, նոր կգնանք, մինչդեռ մեր հայրենիքը ճանաչելու համար մենք ոտքով անցնելու ճանապարհ ունենք»:

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են հատկապես Տավուշի և Լոռու մարզերի մշակութային հուշարձանները։Պարզվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 20 չուսումնասիրված ու անուշադրության մատնված հուշարձաններ են հայտնաբերվել, որոնք վաղ միջնադարի ժառանգություն են:

Ըստ պարոն Կարապետյանի՝ սեփական հայրենիքի մշակութային հարստությունների հանդեպ նման անուշադրության արմատները նախ պետք է փնտրել դպրոցներում. «Դպրոցները պետք է ապահովեն արշավներ, երեխաներին սովորեցնեն օգտվել քարտեզից, կողմնացույցից, պետք է ոգևորեն ճանաչել մեր յուրօրինակ հայրենիքի ամեն անկյուն, մինչդեռ միայն բանակում են կողմնացույց ու քարտեզ տեսնում, դրա համար պատերազմական իրավիճակներում մեր զինվորները հիմնականում պարտվել են քարտեզ չիմանալու պատճառով»,- եզրափակեց նա՝ հավելելով. «Մենք ասֆալտապաշտ ենք»: