Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայծառ տատիկը լույս չունի

Հասարակություն
6c3bd37b31a7791a4089c1e373abe9b2

75-ամյա Պայծառ տատիկն արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ ապրում է Հաղթանակի երկրորդ տարածքի 46 տանը։ Ավելի ճիշտ, ինչպես ինքն է ասում՝ հողամասում, մի փոքրիկ հյուղակի մեջ։

«Ոչ մի բան չունեմ, ոչ լույս ունեմ, ոչ գազ, դատարկ քոլիկ ա։ Վերջերս էլ մի դոմիկ են բերել։ Այդ դոմիկում էլ ոչ մի բան չկա։ Այսօր եկել եմ կառավարության շենքի մոտ և խնդրում եմ, որ ինձ օգնեն։ Գոնե մի քիչ գումար տան, ուտելու բան էլ չունեմ, գնում եմ բարեգործական ճաշարանից ուտելիք եմ վերցնում։ Շատ եմ խնդրում, որ գոնե լույս ունենամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պայծառ տատիկը։

Պայծառ Մակարյանը պատմում է՝ երիտասարդ տարիներին բարեկեցիկ կյանքով է ապրել։ Աշխատել է որպես վաճառողուհի, մեծ բնակարան է ունեցել, սակայն խմող ամուսինը վաճառել է բնակարանը, և ինքը մնացել է դրսում։

«Էհհ, բալա ջան, ոչ ոք չունեմ, մենակ եմ, մի աղջիկ ունեմ, ինքն էլ հիվանդ երեխա ունի, հազիվ են ապրում։ Ստանում եմ 24 հազար դրամ թոշակ և 18 հազար դրամ նպաստ»,-նշեց Պայծառ տատիկը։

Պայծառ տատիկը նամակ ուղղեց կառավարությանը՝ իրեն օգնելու համար։ Տատիկը սպասում էր, որ կառավարության նիստից հետո նախարարներից մեկը կիջնի և կլսի իրեն, սակայն այսօր կառավարության նիստն արտագնա է, տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։