Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն պատրաստ է ՄԻՊ-ին տալ անհրաժեշտ 10 միլիոնը

Հասարակություն
47ea6bc6230b7646f58b9057ab7bfbf9

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը սրտնեղեց, որ իրեն բյուջեով տրամադրվել է երեք մարզային գրասենյակ, չնայած՝ խնդրել էին վեցը:

Դա դեռ ամենը չէ։ Օմբուդսմենին հատկապես մտահոգել էր այն, որ իրենց գրասենյակի արագ արձագանքման ծառայությունը կփակվի, եթե չտրամադրվի 10 մլն դրամի ֆինանսական հատկացում. «Այս ծառայությունը 2013թ. գիշեր-ցերեկ քսանչորս ժամ կարողացել է 1025 ահազանգերի պատասխանել, դրանցից 273-ով իրականացրել արագ արձագանքում՝ թե ցույցերի ժամանակ, թե կալանավայրերում, թե ոստիկանական բաժանմունքներում, թե նաեւ զորամասերում՝ կանխելով բազմաթիվ ապօրինություններ:

Այն լուրերը, թե իբր օմբուդսմենը հայտնվել է բարձր վարձատրվող պաշտոնյաների տասնյակում, պարոն Անդրեասյանը վստահեցրեց, որ իր դեպքում իջեցում է եղել. «Եթե որեւէ մեկը ՄԻ մասին վերջին օրենքը կարդացել է, կտեսներ, որ իմն իրականում պետք է հավասար լինի ՍԴ նախագահի աշխատավարձին, սակայն հիմա իմն իջեցվել է 0.5 գործակցով:

Ես երեւի միակն եմ պաշտոնյաներից, որը պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրենքի այս փոփոխությունից տուժելու է: Նաեւ մեր օրենքում են կարծեմ փորձում այդ փոփոխությունն անել, այսինքն՝ իմ կարգավիճակն իջեցնել: Այստեղ ես կբարձրացնեի աղմուկ, կդիտարկեի դա որպես ճնշում մարդու իրավունքների պաշտպանի վրա: Քանի որ իմ իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն պատգամավորները, ես կզբաղվեմ մեր մնացած երկուսուկես կամ երեք միլիոն բնակչության իրավունքներով՝ իմ հարցը թողնելով պատգամավորներին»:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դժգոհությանն արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Բյուջեն երբ նայում էի, ինչ-որ պարող, թե երգող տղաների կազմակերպությանը 7 մլն դրամ, կամ ինչ-որ «Օջախի ծուխ» «Ճաքած նուռ» նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում։ Ես չգիտեմ՝ գուցե այդ պարող կամ երգող տղաները, որ առաջին անգամ եմ լսում՝ շատ լուրջ գործ է իրականցանում ՀՀ-ում, գուցե այդ 7 մլն դրամին էլ իրապես արժանի է, բայց ես խոստանում են ԲՀԿ խմբակցությունը անպայմանորեն կներկայացնի առաջարկ արագ արձագանքման խմբին 10 մլն դամ տրամադրելու»։

Իսկ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 10 մլն-ը հնարավոր է հայթայթել, եթե, օրինակ, կրճատվի մի երկու համերգ, մի երկու գործուղում, մի երկու առողջապահական հատկացում:

Օմբուդսմենը խոսեց նաև Կոմայգու խնդրից՝ նշելով, որ իրենք հետեւողական են լինելու, որպեսզի մանկական այգին ազատվի այլասերվածությունից. «Եթե առաջիկա շաբաթներին եւ ամիսներին չտեսնենք գործընթացներ, դուք նորից մեզնից կլսեք մեր պահանջի մասին»: