Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցողներն աշխատանք չեն գտնում

Հասարակություն
87e85757c9a0e5a25ccc6776ad7ce01d

Հաշմանդամություն ունեցող 18-63 տարեկան անձանց մեծ մասն աշխատունակ է, բայց չունի աշխատանք: Այս մասին այսօր հայտնեց Գործատունների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում» թեմայով կոնֆերանսի ժամանակ։ Նրա խոսքով՝ իրենք փորձում են կոտրել գործատուների կարծրատիպերը, հասկացնել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատելու հավասար իրավունքներ ունեն։

«Այսօր Հայաստանում պաշտոնական թվերով կա 186,400 հաշմանդամ, որոնցից 125,000-ը գտնվում է աշխատանքային տարիքում։ Նրանցից միայն 20 տոկոսն աշխատանք ունի», - տեղեկացրեց Գործատունների միության նախագահը։

Նա ասաց, որ հաշմանդամություն ունեցողների հետ կապված այսօր Հայաստանում բազմաթիվ անհասկանալի, չլուծված հարցեր կան։

«Այդ հաշմանդամների հետ կապված խնդիրները լուծվում են հարմարեցման ծրագրերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր ծրագրերի շրջանակում կամ միջազգային դոնորների, ՀԿ-ների աջակցությամբ, բայց, չնայած դրան, մենք ունենք ընդամենը մի քանի հազար զբաղված հաշմանդամ»,-ասաց Գ. Մակարյանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց միայն 11000 են գրանցված «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում։ Աշխատանք փնտրողների թիվը փոքր է համարում «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Սիմոնյանը։ Ըստ նրա՝ պատճառը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի մասին իրազեկության պակասն է։

«Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տեր- Ղազարյանն անդրադառնալով հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունման հարցին՝ նշեց, որ գործատուն պետք է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունի ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլև նրանց ընդունեն որպես լիարժեք աշխատուժ։