Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթեւանները վախենում են բողոքել

Հասարակություն
9753edbe8479b4864159b34de81b738d

Առաջին հայացքից հնամյա իրերի պահոց հիշեցնող շինությունն իրականում 7 անձի համար տանիք է։

Տան բնակիչները չցանկացան խոսել տեսախցիկի առջև կամ նկարվել, քանի որ վախենում են. «Ամեն անգամ գալիս են, նկարահանում անում, իսկ նկարահանումից մի քանի օր հետո խուժանները լցվում են և անպարկեշտ առաջարկություններ անում, մի անգամ էլ վախից տապոռը առա, երեխեքին էլ ասեցի պատրաստվեք տապոռի»,-ասում է տիկին Գյուլնազը։

Նրա խոսքով՝ տունը կորցրել են 11 տարի առաջ՝ աղջկա աչքերի վիրահատության ծախսերը հոգալու համար։ Այժմ նրա 3 աղջիկները և ամուսինը ունեն առողջական խնդիրներ. «Մեկը սրտի արատ ունի, ուղեղի մեջ ջուր ա հավաքվում, մյուս աղջիկս էլ ավտոյի տակ է ընկել ու հանկարծակի վատանում է»։ Բազմիցս դիմել են առողջապահության նախարարություն, սակայն. «Ասում են՝ սպասեք, հո մենակ դուք չեք, ձեր նման հազարները կան»։

Այսօր նրանք ապրում են կիսաքանդ քարե տնակում, ապրուստի միջոցը 2 անչափահաս երեխաների համար նախատեսված 18.000 դրամն է և 28.000 դրամ աղջկա հիվանդության թոշակը։ Անկախ տնակի կիսաքանդ վիճակից և սոցիալական ծանր պայմաններից, նրանք չեն բողոքում։ Տիկին Գյուլնազն ասում է. «Լավ թե վատ՝ ապրում ենք, մի օր սոված, մի օր կուշտ, չենք բողոքում»։

Ընտանիքի անդամներն անհանգստանում են ձմռան համար, քանի որ տնակն անգամ դուռ չունի։ Մյուս տարի 6-ամյա Արամայիսը պետք է դպրոց հաճախի, իսկ սպասվող ծախսերը դեռ չգիտեն՝ ինչպես պետք է հոգան։