«Քաղաքապետի գործողությունները հանցակազմ են պարունակում»
«Ծածկած շուկա» հուշարձանը ժամանակակից առևտրի կենտրոնի վերածելով և փաստարկելով, որ շատ աշխատատեղեր են բացվում, ուղղակի անհեթեթություն է։
Վստահեցնում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը. «Մենք անասուն չենք, որ միայն աշխատատեղ է մեզ պետք, այն էլ այդ չնչին փշրանքները, իհարկե մեզ պետք են և բարոյական արժեքներ, բնություն, հող, հայրենիք ապրելու համար»։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ծածկած շուկայի կառուցապատողի։
Դատական նիստին այսօր ներկա չէր դատախազն ու պատասխանող կողմը։ Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ իրենց ներկայացրած փաստերին իրավական գնահատական չի տրվել՝ քրեական գործ չհարուցելու համար. «Տարոն Մարգարյանի գործողությունները միանշանակ ես կարող եմ պնդել, որ հանցակազմ են պարունակում»։
Փաստաբան Հերմինե Միքայելյանը նշում է. «Կառուցապատողի կողմից թույլ են տրվել օրենքի խախտումներ. չունի համապատասխան թույլտվություն, չկան համապատասխան շինարարության և քանդման թույլտվություններ, դրա հիման վրա ապօրինի շինարարություն է կատարվել»։
Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ պնդեց, որ Ծածկան շուկան քանդելը վառ օրինակ է, որ քաղաքային իշխանությունները չեն իրականացնում քաղաքացիների կամքը. «Այն ավագանին, որն այս պահին գործում է, ըստ էության ոչ թե գործում է ավագանու առաքելության ներքո, այլ գործում է ընդդեմ Երևանի քաղաքացու։
Եթե իրապես մենք ունենայինք քաղաքային իշխանություններ, որոնք իրապես իրականացնում են մեր քաղաքացու շահը, այս հուշարձանը երբեք չէր քանդվի, որևիցե մեկը ով ուզում է լինի չէր կարող ոտնձգություն կատարել այս հուշարձանի նկատմամբ»։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն այսօր դատարան էր եկել առանց թիկնապահների, վերջիններիս բացակայության պատճառը տիկին Փոստանջյանը չգիտեր։
Հիշեցնենք, ոստիկանությունը պատգամավորի անվտանգությունն ապահովում է այն բանից հետո, երբ «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը՝ Փոստանջյանի ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցից հետո հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա։