Հերթական «Երեւան սիթին» կխփի միջին բիզնեսին
«Էրեբունի» շուկան նույնպես շուտով կդառնա «Երեւան Սիթի»՝ վստահ են «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները։
Նրանք այսօր եկել էին իրազեկելու շուկայի ու հարակից կրպակների աշխատակիցներին, թե ինչ է իրենց սպասվում. «Ամեն մի «Երեւան Սիթի», որ բացվում է, այդ շուկայի աշխատակիցները, գյուղացիները դուրս են ընկնում շուկայական հարաբերություններից»,- ասում է նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը։
Նորակառույց սուպերմարկետի մասին լսել են նաեւ շուկայի աշխատակիցները՝ դեռ մեկ տարի առաջ։ Սակայն մոտ 10 օր առաջ եկել են մարդիկ ու ասել, որ շուկան չի քանդվելու։ Իսկ եթե հանկարծ խոսակցությունները իրականություն դառնան, ապա շուկայի աշխատակիցները վստահ են, որ կմնան դրսում. «Ի՞նչ ենք անելու, սոված մեռնելու ենք, գործ չենք ունենալու, վատա լինելու վիճակներս»,- ասում է «Էրեբունի» շուկայի վաճառողներից մեկը։
Իսկ նախաձեռնության անդամները փաստերով են խոսում։ Շուկայի հետնամասում ծառերն արդեն կտրել են։ Պատճառը նոր սուպերմարկետի տարածքի ընդլայնումն է՝ վստահ են նրանք։
Այսօր «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները հորդորում էին մարդկանց՝ միանալ պայքարին, այլապես հետո ուշ կլինի:
Այլ մանրամասներ տեսանյութում՝ ավելի ուշ