Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղնուկյանն անվտանգություն է պահանջում

Հասարակություն
48c442de558db8713bc51f0d1c378a2d

Բոլոր անհաջողություններն սկսեցին այն պահից, երբ Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկարը հայտնվեց Փակ շուկայի պատին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց պարոն Եղնուկյանը եւ նշեց, որ դա մարդկանց մոտ ատելություն առաջացրեց։ Դրանից հետո էլ վնասեցին իր մեքենայի անիվները։

Պարոն Եղնուկյանի խոսքերով՝ այստեղ պատճառահետեւանքային կապ կա, սակայն ոստիկանությունը միայն հայտարարել է, որ դա խուլիգանություն է։

«Իրենք պարտավոր են երաշխավորել իմ եւ ընտանիքիս անվտանգությունը, քանի որ արդեն հերթականություն կա գործընթացների։ Ոստիկանությունը փորձում է ձեւակերպել այնպես, որ անկապ մեկը անցնելով՝ չի հավանել Կարո Եղնուկյանի մեքենայի գույնը եւ գնացել, ծակել է։ Նա էլ ասում է՝ ես արել եմ, ներողություն, էլ չեմ անի»,- ներկայացնում է Նախախորհրդարանի անդամը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ իրավական անկումը արդեն դառնում է վտանգավոր։

Նախախորհրդարանի մեկ այլ անդամ, փաստաբան Վարուժան Ավետիսյանը ավելացրեց, որ այս ամենը անկախ պետականություն չունենալու հետեւանք է։

Նրա խոսքերով՝ վերջին ամիսներին ոստիկանությունը ակտիվացրել է իր գործողությունները, սակայն դրանք չի հիմնավորում. «Ինչո՞ւ բարձրախոսը տարան, ինչո՞ւ մարդուն բերման ենթարկեցին, ինչո՞ւ հենց այս մարդուն, ի՞նչ էր նա արել եւ այլն, եւ այլն»։

Հատկապես առանձնացնելով Փակ շուկայի դեպքերը՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ շատ հաճախ ոստիկանները առանց հիմնավորման վերցնում են բարձրախոսը եւ պահանջներ ներկայացնում։