Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դոն Կիխոտ»-ի նոր մենապարողները

Հասարակություն
7f87241391295270b4e2171ef2961a1c

Այսօր Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի բեմում հանդիսատեսին արդեն քաջ հայտնի ու սիրված «Դոն Կիխոտ» բալետի վերջին փորձն էր։

Երկրի գլխավոր բալետմեյստերը՝ Ռուդոլֆ Խառատյանը, պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ։ Վաղը բեմում մենապարողները կլինեն ոչ թե իր սաները, այլ արտասահմանից հյուր եկած հայազգի պարողները։

Օվկիանոսի մյուս ափից եկել են Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր մենապարողներ Դավիթ Կարապետյանն ու Վանեսա Զահորյանը։ Նրանք ԱՄՆ ում արդեն պարել են համանուն բալետում, սակայն հայրենի հողում, խոստովանում են, պատասխանատվությունն ավելի մեծ է։

Դավիթ Կարապետյանը, չնայած կրթությունը ստացել է Երեւանում, բայց աշխատանքի բերումով տեղափոխվել է արտասահման։ Բալերոնը ցավով է նշում՝ կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը այստեղ ու դրսում անհամեմատելի են։

Հայաստանյան բալետի պարողների ֆինանսական վիճակը ցավ է պատճառում նաեւ գլխավոր բալետմեյստերին՝ Ռուդոլֆ Խառատյանին։ Հենց այս հանգամանքով է նա բացատրում հայազգի տաղանդավոր պարողների հայրենիքից հեռանալը։

Հայկական բալետի ֆինանսական վիճակը նաեւ թույլ չի տալիս աշխատանքի ընդունել օտարազգի պարողների. «Ինձ գրում են էլ փոստով , որ գան այստեղ աշխատեն, սակայն ես մերժում եմ նրանց, մի որեւէ պատճառ եմ հորինում, քանի որ չեմ կարող ասել, որ աշխատավարձը այնքան քիչ է, որ նրանք չեն կարող ապրել այստեղ։

Բայց եթե այդ հարցերը լուծվեն, այնքան մարդ կգար մեզ մոտ ու շատ հետաքրքիր կդառնար մեր բալետային խումբը»,- ասում է պարոն Խառատյանը։

Մինչեւ տարեվերջ հայազգի այլ պարողներ էլ կգան հայրենիք՝ «Սպարտակ» եւ «Ռոմեո և Ջուլիետ» պարելու համար։ Ռուդոլֆ Խառատյանը չի բացառում, որ առաջիկայում հայաստանյան բալետ պարողները նույնպես հանդես գան եվրոպական հայտնի բալետային խմբերի կազմում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում