Ո՞ւմ են պետք միությունները
Գրողների և կոմպոզիտորների միությունների նախագահների աղմկահարույց ընտրություններից հետո հարց առաջացավ արդյո՞ք հասարակությանը պետք են այդ միավորումները։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ափսոսում է, որ հասարակության հետաքրքրությունը միությունների նկատմամբ մեծացավ այդ աղմուկից հետո։
Ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ 80 տարվա պատմություն ունեցող միությունը այս պահին էլ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով՝ միմյանց հաջորդող միջազգային ու տեղական ցուցահանդեսներ։ 1000 անդամ ունեցող՝ նկարիչների միության նախագահը դժգոհում է աշխատավարձի չափից, ամենաբարձրն ինքն է ստանում՝ 70 հազար դրամ։
Իսկ ահա մոտ 1000 անդամ ունեցող Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը որոշել է այլևս չարձագանքել, հայտարարությամբ հանդես չգալ՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, հոգնել է՝ հարուցվել է քրեական գործ արտահայտությունից. «Ի՞նչ պետք է անենք, ի՞նչ պետք է անենք, օրինակ, բացի նրանից, որ խոսենք այդ մարդկանց հետ»։
Տիկին Գեւորգյանը չգիտի, թե երբ կհրավիրվի միության համագումարը, սակայն մեկ բանում վստահ է՝ ժուռնալիստների միությունը ժամանակին օգնել է լրագրողներին. «Անկախ Հայաստանում, սոցիալական խնդիրները կարողացանք, գիտեք, էնտուզիազմի վրա էր, որ նախարարը ինչպես էր ինձ ընդունում, կարողանում էի բերել բրինձ, մակարոն, ձեթ և այլն»։
Միությունը չունի հնարավորություն աջակցելու սոցիալական խնդիրներ ունեցող իր անդամներին։ Բայց միության անդամատոմսը նրանց պետք է դրսում. «Դուք չեք պատկերացնում, թե միության անդամատոմսը ինչպես է օգնում նրանց դրսում ապացուցելու, որ իրենք ժուռնալիստ են»։
Հայաստանում գործող հասարակական սկզբունքներով աշխատող 7 ստեղծագործական միություններից՝ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գոհ է իրենց աշխատանքներից։ Կարծում է, որ «ում է պետք ստեղծագործական միությունը» հարցը իրենց չի վերաբերում։
Նոյեմբերի 16-ին կայանալիք համագումարին պատրաստող ճարտարապետների միության նախագահը հպարտությամբ է նշում, որ իրենց միության անդամ դառնալու համար վերջին շրջանում դիմում են հատկապես երիտասարդ ճարտարապետները։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում