Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում
«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից փախուստի դիմած չորս զինծառայողներն էլ այս պահին գտնվում են հոսպիտալում՝ առանձին սենյակներում։
Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինվորների նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Կատարվում է հետաքննություն։ Առայժմ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց պարոն Հովհաննիսյանը։
ՊՆ մամուլի խոսնակը հերքում է այն լուրերը, թե զինծառայողներին հոսպիտալում ծեծի են ենթարկել.«Նման բան չի եղել, կռիվ եղել է, բայց զինվորներին չեն ծեծել»։
Արդյո՞ք զինծառայողները բանակ են մեկնել՝ ունենալով հոգեբանական խնդիրներ.«Բանակ չեն մեկնել հոգեբանական խնդիրներով։ Մարդը ցանկացած պահի կարող է հոգեբանական սթրեսի մեջ հայտնվել։ Զինվորներից ամեն մեկի մոտ տարբեր բնույթի է»,-հայտնեց ՊՆ մամուլի խոսնակը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի կարողանում հասկանալ, թե ինչու են զինծառայողները փախուստի դիմել ՌՈ հատուկ ստորաբաժանման այցելությունից հետո։
«Հարց է առաջանում. Այդ ի՞նչ է եղել այցելության ժամանակ, որից հետո զինվորները գլխապատառ փախել են հոսպիտալից և օգնություն խնդրել՝ ասելով, որ իրենց սպանում են։ Նշանակում է, որ իրավիճակը լուրջ է եղել։ Ի՞նչ է արել ՌՈ հատուկ ստորաբաժանումը»։
Իրավապաշտպանի համար կասկածելի է, թե ինչու ՊՆ-ն զինծառայողների առողջական խնդիրների մասին լուրը հայտնում է առնվազն մեկ օր անց։
«Դա կարելի էր տալ մի քանի ժամվա ընթացքում։ ՊՆ-ն չի հայտնում նաև զինծառայողների անուն-ազգանունները։ Հարց է առաջանում նաև՝ արդյո՞ք այդ զինվորները հոգեբուժական բաժանմունքից են։ Եթե այդպես է, ինչու են 4 զինվորներն էլ իրար հետ գտնվել նույն սենյակում, ինչպես են կարողացել դուրս գալ այդ բաժնից, չէ՞ որ այդտեղ հսկողություն է սահմանված»,-ասաց պարոն Սաքունցը՝ հավելելով, որ հոսպիտալում հայտնվում են նաև այն զինծառայողները, որոնք խուսափում կամ փորձում են ազատվել ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին «Կանազի» հոսպիտալում գտնվող 4 զինծառայողներ վեճի են բռնվել և փախուստի դիմել։ Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա։