Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդուս «կցված» սոցմանկավարժի խնդիրը ո՞րն է

Հասարակություն
b538987789744e308f637f73c40fb17f

Ծնողի տեսակետ

Գայանե Եղիազարյան


Յուրաքանչյուր ոք ուզում է ապրել օրենքներով ղեկավարվող, ժամացույցի պես հստակ գործող, կարգավորված հասարակության մեջ, երբ ամեն ոք իր գործը, իր խնդիրը գիտի, արհեստավարժ կերպով տիրապետում է իր մասնագիտությանը, երբ ամեն ինչ իր տեղում է ու իր նպատակին է ծառայում:

Արբանյակային ալեհավաքի միջոցով արտասահմանյան հաղորդումներ դիտելիս, հասկանում եմ, որ «այնտեղ» կարողանում են մանկուց սովորեցնել ճիշտ ընկալել, որ բոլորը հավասար չափով մարդ են և հավասար չափով իրավունքներ ունեն` անկախ նրանից ինչ ռասայի են պատկանում, ինչ սոցիալական վիճակում են գտնվում, մտավոր կամ ֆիզիկապես հաշմանդամ են, թե ոչ:

Հիմա առիթ է հանդիսացել և ես ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանում չի գործում շատ կարևոր և մեծ պահանջարկ ունեցող սոցմանկավարժի ինստիտուտը (գուցե սա սուբյեկտիվ կարծիք է): Ես մտածում եմ, որ օրենքների իմացությունը բերում է ավելի ուժեղ պաշտպանվածության` հասարակության մեջ, բայց կարծում եմ, որ այդ  «գաղափարը» այաստանի համար չէ: Բացատրեմ ինչու:

Ինտերնետային կայքերում ծանոթացել եմ Ներառական ծրագրին առնչվող օրենքների, որոշումների, Երևան քաղաքում և մարզերում կատարված ու կատարվելիք աշխատանքների, հովանավորների կողմից կատարված ու կատարվելիք հսկայական ծավալների հասնող աշխատանքների հետ և հիացած եմ: Իրապես հիացած եմ: Շատ լավ է մտածված ու գրված:

Օրինակ՝ 25.05.2005թ-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Մեթոդը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դասարանում` անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ծրագրով» կամ ՀՀ ԿԳՆ և «Առաքելություն Արևելքի» միջև կնքված 10.06.2003թ-ի փոխըմբռնման հուշագրի համաձայն` ՀՀ ԿԳ նախարարի թիվ875Ս/Ք առ 08.11.2006թ. հրամանի համաձայն` «Դպրոցներում գործում է ծնողական սենյակ, ռեսուրս սենյակ, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպում են անհատական պարապմունքներ` համաձայն անհատական ուսումնական պլանի: Դպրոցները համալրված են հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի հաստիքներով», նաև Կառավարության 2010թ-ի հոկտեմբերի 14-ի որոշմամբ` կրթական հաստատություններում ավելացել է սոցմանկավարժի հաստիքը, որը պետք է ապահովի աշակերտի իրավա-սոցիալական պաշտպանվածությունը: Նա պետք է աշխատանք տանի ծնող-աշակերտ-ուսուցիչ-հասարակություն միջավայրում:

Մեջբերումներ եմ կատարում, որովհետև ոչ բոլոր ծնողներն են իրազեկ օրենքներից և ոչ բոլորին է հասանելի ինտերնետային կապը (տեղեկատվություն ստանալու համար):

Ունենալով 13 տարեկան հաշմանդամ որդի, որն ընդգրկված է դպրոցում գործող Ներառական ծրագրում` ես պետք է զգայի չէ՞ վերը նշված օրենքը, որոշումը կամ հրամանը Հայաստանում ամենուրե՞ք է կյանքի կոչված, թե՞ մասնակի, որովհետև շարունակ առնչվում եմ որոշակի հիմնախնդիրների հետ, որոնք, կարծում եմ չէին լինի, եթե վերը նշված ինստիտուտը լիներ իր բարձրության վրա և մասնագետներն էլ լինեին արհեստավարժ ու բազմակողմանի զարգացած ու ամենակարևորը, առաջնորդվեին ամրագրված աշխատանքային կանոնակարգով` իմանալով իրենց պարտականությանները, իրավունքները, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, քանի որ նրանք իրենց իրավունքները պաշտպանելու միջոց չունեն` կապված տարիքի, գիտակցության աստիճանի, լեզվաբանական խնդիրների, ծնողի չիմացության և այլնի հետ:

Գրածս քննադատական որևէ տարր չի պարունակում, ուղղակի ցավով եմ ուզում նշել, որ որդիս սովորում է 5-րդ դասարանում և դասերը պարապում ենք տանը` մասնավոր հիմունքներով (տնային աշխատանքները կատարելիս օգտվում է համակարգչից` ձեռքերը լավ չեն աշխատում` գրիչ բռնելու համար, հասկանալի չի խոսում), ՈւՇՈՒ-ի նախնական վարժանքները պարապում ենք մասնավոր հիմունքներով, մերսումները և բուժական ֆիզկուլտուրան կատարում ենք մասնավոր հիմունքներով, բիոտոկերով բուժումները կատարում ենք մասնավոր հիմունքներով: Լողավազաններում (լողը նրան շատ է անհրաժեշտ) զեղչեր չեն գործում:

Պետությունը ոչ մի հարցով «ձեռքս չի բռնում», ես այս ամենը նրա թոշակո՞վ եմ անում (մոտ18000դ.): Աշխատում եմ օրնիբուն։  Իսկ որդուս  «կցված»  սոցմանկավարժի խնդիրը մեր կյանքում ո՞րն է:

Դպրոցը որդուս համար միայն ժամանց է, որը նույնպես շատ կարևոր դրական միտում ունի` ինտեգրացման խնդրում:

Իմ անհատական օրինակի վրա՝ ուզում եմ ընդհանրացնել, որովհետև իմ նման շատ ու շատ ծնողներ կան, որոնք լուռ տառապում են իրենց ցավով, լուռ, որովհետև վախենում են բարձրաձայնել, պահանջ ներկայացնել` չէ՞ որ «քննարկման առարկան» հաշմանդամություն ունեցող երեխան է, որի հոգին շատ փխրուն է :

Էթիկան թույլ չի տալիս շատ ընդարձակվելու: Ուղղակի, ուզում եմ, որ հաշմանդամություն ունեցող  որդիս լինի գրագետ (չէ՞ որ նա դրա իրավունքը ունի) ու հետագայում հասարակության մեջ իր կյանքը ինքնուրույն վարի, որ իրեն պիտանի մարդ զգա, որում իր լուման պետք է ունենա սոցմանկավարժի արհեստավարժ աշխատանքը:

Ուստի, ուզում եմ պատկան մարմինների ու հանրության ուշադրությունը սևեռել սոցմանկավարժի մասնագիտության վրա, որովհետև նրա արհեստավարժ աշխատանքից է կախված հաշմանդամ երեխաների հետագա կյանքի ճիշտ ձևավորումը: