Մարքսիստը Արցախը տեսնում է ՌԴ կազմում
Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավարը գտնում է, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտն ընկել է խորը քաղաքական ճգնաժամի մեջ. «Այս պայմաններում առաջնային խնդիրն այն է, որպեսզի ազգը կարողանա իր պոտենցիալով տալ նոր գաղափարական նշխարք, նոր հայեցողային մոտեցումներ՝ արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար»։
Պարոն Հակոբյանը խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից, նշում է. «Վիճակը նետված է անգործության։ Այն քաղաքական գործամոլները, որոնք կշարունակեն պնդել, որ Հայաստանը պետք է միանա Եվրոմիությանը, դատապարտված են անհաջողության»։
Անդրադառնալով Մաքսային միության անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանը` բանախոսն ասաց. «Կարծում եմ՝ Մաքսային միություն հասկացողությունը, այսպես ասած, քողարկային գաղափարախոսություն է, բացարձակ մաքսային սահմանների հետ կապ չունի։
Այն իրենից ենթադրում է 5 ինտեգրացիոն գործընթացներ` տարածքային, քաղաքացիական, միասնական, միասնական քաղաքացիության անցում, միասնական տնտեսական գոտի: Սրանք կապահովեն մեր ազգի ֆիզիկական և կենսաբանական գոյությունը: Եվրոպան մեզ երբեք ու երբեք արտադրական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու»:
Անցնելով Արցախյան կոնֆլիկտին` գլխավոր մարքսիստը նշեց. «Արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլը մտնում է սկզբունքորեն նոր իրավիճակ: Մենք այսօր տալիս ենք նոր դոկտրինա, այսինքն` պաշտպանելով 18 հազար քառակուսի կիլոմետր՝ մենք սկսում ենք դիվանագիտական մի նոր գործընթաց, որի միջոցով մեր խնդիրն է լինելու Արցախի հայկական հանրապետությունը տեսնել Ռուսաստանի կազմում՝ որպես ներքին քաղաքական սուբյեկտ:
Ռուսական բանակի ներկայությունը Արցախում՝ ազերի-թուրքական սահմանը կպաշտպանի ռուսական բանակը և առաջին հերթին մենք խաղաղություն կստանանք: Սա ամենաօպտիմալ տարբերակն է»: Նա նաև ընդգծեց, որ ներկայումս Հայաստանն առանց ռուսական բանակի սեփական սահմանները ու անվտանգությունը չենք կարող պաշտպանել:
Այդուհանդերձ պարոն Հակոբյանը նշեց, որ վերջնական խնդիրը լուծում է ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Նա նաև խոսեց Զորի Բալայանի նամակից` ասելով, թե պարոն Բալայանը իր միտքն է գողացել: