Քաշքշուկ երթուղայինում (տեսանյութ)
Seize Ani անունով օգտատերն այսօր Youtube-ում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ուղեւորը պահանջում է երթուղայինի վարորդից՝ չծխել, ինչին հետեւում է քաշքշուք։
«Այսօր 37 համարի երթուղայինի վարորդը ծխում էր. ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա և մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա: Կինը փորձեց կամերաս կոտրել, հետո սկսեց խփել ինձ:
Վարորդն էլ փորձում էր ստիպել ինձ, որ իջնեի մեքենայից: Վերջում էլ սպառնացին, թե կիմանան որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ»,- ասում է տեսահոլովակի հեղինակը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել դեպքի առնչությամբ. «Քիչ առաջ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն արգելում է ծխել հասարակական վայրերում։ Եւ երթուղայիններում այս մասին ցուցանակներ կան, որոնք ուղեւորներին կոչ են անում պահանջել վարորդից՝ չծխել։