Ի գիտություն copy-paste անողների
Վաղվանից՝ նոյեմբերի 9-ից, ուժի մեջ կմտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում ԶԼՄ-ներին անմիջականորեն վերաբերող լրացումները:
Նպատակը լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման հատկապես վերջին շրջանում հաճակի դարձած դեպքերի կանխարգելումն է, ինչի մասին հայտարարությամբ հանդես էին եկել նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ:
Օրենքում ամրագրվում է լրատվական նյութի օգտագործման պայմանները սահմանող նոր հոդված, որի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այն է՝ 100 հազարից 200 հազար դրամ:
Եվ այսպես՝ օրենքը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումն այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:
Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:
Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
Մանրամասներն «Փաստինֆո»-ում