Նկարիչը գնալու տեղ չունի (տեսանյութ)
Թախծոտ հայացքով միայնակ տարեց կին, ավիրված շենքեր։ Բոլորին հայտնի ՇԱԽ-ի` նկարիչ Շոթա Խաչատրյանի «Երկրաշարժ» կտավը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
«Նկարի առանձնահատկությունն այն է, որ ես նկարել եմ բեկվող գծերով։ Դա շատ լավ է երևում հատկապես ոտքի մասում, որ անկյունից նայում ես նկարը թեքվում է, պտտվում»,-ասաց նկարիչը։
«Երկրաշարժ» կտավում Շոթա Խաչատրյանը, օտագործելով բեկվող գծերը, փորձել է ապացուցել, որ նկարչությունը ոչ միայն արվեստ է, այլեւ գիտություն։
ՇԱԽ-ն իրեն համարում է բեկվող գծեր կիրառող առաջին նկարիչը։ Ունի 350 ավել կտավ, որոնց հիմնական հերոսը կինն է. «Կինն ինձ համար տիեզերքի խորհրդանիշն է, ինքը կենդանի օրգանիզմ է, կյանք է տալիս, կնոջով ամբողջ փիլիսոփայությունն է»։
Շոթա Խաչատրյանը նաև գրաֆիկաների հեղինակ է, դրանք նա համարում է իր արվեստի անբաժան մասը։
Նկարիչն իր արվեստը համարում է խոսուն, իսկ ահա անձնական կյանքի մասին խոսել չի սիրում։ Միայն հաջողվեց պարզել, որ մոտ տասը տարի բնակվում է վարձով, այսօր ստիպված է ազատել այդ բնակարանը, սակայն գնալու տեղ չունի։
«Ես հիմա չգիտեմ, ոնց կստացվի, գոնե մի տեղ լինի նկարները դնեմ, թողնեմ գնամ։ Սա մնալու է սերունդներին»,-նշեց նկարիչը։