Էական վնաս՝ պետբյուջեին
45 մլն դրամ գումար կվճարեն մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 օրինախախտ ընկերություններ: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունները տուգանվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում:
Ըստ հանձնաժողովի` ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն` շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: Օրինակ` «Ամարաս Յուսը» մի մրցույթում ճանաչվել է հաղթող և դարձել խտացած կաթի մատակարար` 1 տուփը 450 դրամով, իսկ մյուսում պարտվել է` նույն ապրանքի համար ներկայացնելով անհամեմատ բարձր` 1100 դրամ գին, ինչի արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը և իրականացրել խտացրած կաթի մատակարարում` շուկայականից ակնհայտ բարձր` 1 տուփը 895 դրամ գնով:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս գործունեությամբ ընկերությունները էական վնաս են հասցրել պետության բյուջեին:
Այսօրվա նիստին հանձնաժողովը նաև քննարկեց «Մայքրոսոֆթ» ընկերության դիմումը, որով տեղեկացվում էր, որ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող մեկ տասնյակից ավելի ընկերություններ խախտում են իրենց հեղինակային իրավունքները:
Մանրամասները` տեսանյութում քիչ ավելի ուշ: