Տաքսու վարորդները հանդիպեցին Գագիկ Բեգլարյանին
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու մեկ տասնյակից ավելի տաքսու վարորդների հանդիպումը:
Հանդիպմանը մասնակից տաքսու վարորդ Արման Խաչատրյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ինքը գոհ է արդյունքներից: Նա ասաց. «Բոլորի մասով ընդհանուր հայտարարի չեկանք, մարդիկ կային, ովքեր հարցեր էին տալիս, որ չէին վերաբերում Գագիկ Բեգլարյանին, այդ հարցերը վերաբերում էին տուգանքներին և գծանշաններին: Ես նույնպես հարցեր ուղղեցի նոր օրենքի մասին, որը շուտով կհաստատվի և գոհ եմ պատասխաններից»:
Տաքսու վարորդները վերջերս պահանջել էին Երևանում ստեղծել անվճար կայանատեղիներ։ Այս հարցը նույնպես քննարկվել է հանդիպմանը. «Դե, Բեգլարյան Գագիկն ասաց, որ երբ ինքը քաղաքապետ էր, նմանաբնույթ կայանատեղիներ ստեղծել էր, իսկ հիմա դա քաղաքային իշխանությունը պետք է անի, իր իրավասության տակ չի մտնում»,- տեղեկացրեց Արման Խաչատրյանը: