Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները ոչ-ոքի խաղացին

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան նախավերջին 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց մրցաշարի առաջատար Ուկրաինային: Այդպիսով, ուկրաինացի շախմատիստուհիները վաստակեցին 15 միավոր եւ ժամանակից շուտ գրավեցին առաջին տեղը:

Մրցանակային 2-3-րդ տեղերի համար պայքար կմղեն Ռուսաստանը, Լեհաստանը, Հայաստանը եւ Լիտվան: Վերջին տուրում մեր թիմին միանշանակ պետք է հաղթանակ տանի, որպեսզի մեդալներով վերադառնա Երեւան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շատ հաջող սկսեց մրցաշարի առաջատար Ֆրանսիայի հետ հանդիպումը: Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակին հաղթեց Էտիեն Բակրոյին եւ առաջ մղեց թիմին: Սակայն երկրորդ համարի տակ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե Լագրավին եւ հաշիվը հավասարվեց:

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին իրենց մրցակիցների հետ: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Մեր թիմը այժմ 12 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Վերջին տուրում Հայաստանը կհանդիպի Ադրբեջանի հետ, որը մեկ միավոր ավելի է վաստակել եւ Ֆրանսիայի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: