Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանից հայկական կարտոֆիլ հետ չի ուղարկվել

Հասարակություն
0024b3700c3c7fe7ebb88ef48d1e6ab7

«Վրաստանից 467 տոննա խմբաքանակով կարտոֆիլ՝ շագանակագույն նեխում վարակով հետ չի վերադարձվել»։ Այսօր «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով երեկ վրացական մամուլում շրջանառվող լուրերին՝ ասաց ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը։

«Նախ Հայաստանում չկա կոշտ փտում հիվանդությունը, հետո էլ թիվը չի համապատասխանում, իրականում եղել է կարտոֆիլի մոտ 350 տոննա խմբաքանակ, 14 մեքենա։ Կարտոֆիլը հետ ուղարկված չէ։ Մեր մեքենաները կանգնած են Սադախլոյի մաքսային անցակետում և սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքների պատասխաններին»,-ասաց ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակը։

Արմինե Սուքիասյանի խոսքերով՝ հայկական կողմը կապ է հաստատել վրացական համապատասխան մարմինների հետ՝ պնդելով, որ կարտոֆիլը փորձաքննություն անցնի նաև երրորդ երկրում։
«Վրաստանը չի առարկել այդ կապակցությամբ, և ամենայն հավանականությամբ երրորդ երկիրը կլինի Ռուսաստանի Դաշնությունը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վրաստանն արդեն նման հայտարարությամբ հանդես եկել էր` ասելով, որ 500 տոննա նույն վարակով վարակված կարտոֆիլը հետ է վերադարձվել Հայաստան:
Հայկական կողմը հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ վերադարձվել է 50 տոննա կարտոֆիլ, որը մեր երկրում փորձաքննության ենթարկելուց հետո, պարզվել է, որ այն վարակված չէ: