Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամորի ծննդատունը փակել են

Հասարակություն
b508a8dcf5007a6549820d7526088a95

Առողջապահության նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը որոշել են Մեծամորի հիվանդանոցում փակել ծննդատունը և այն տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն:

Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի խոսքով՝ ծննդատունը թերծանրաբեռնված է, ինչի համար էլ այն տեղափոխվելու է Արմավիրի բժշկական կենտրոն, որն ընդամենը ութ կիլոմետր է Մեծամորից հեռու:

«Ծնունդներ քիչ են լինում, 2012 թվականին 235 ծնունդ է եղել, 2013 թվականին մինչև նոյեմբեր ամիսը 230-ն է գրանցվել, եթե էս թվերը բաժանենք տարվա օրերի թվի վրա, ստացվում է, որ օրը մեկ ծնունդ չի գրանցվում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մուրադյանը։

«Ծնունդն այնքան քիչ է լինում, որ պետության կողմից մեկ ծնունդին հատկացված 107 հազար դրամը չի փակում դեղորայքի, բուժաշխատողների աշխատավարձը և այլ ծախսերը։ Ստացվում է, որ մնացած բաժանմունքների հաշվին է ծննդատունը գոյատևում», - ավելացրեց Մուրադյանը։

Նա նշեց, որ հղիները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ նրանք սպասարկվելու են եվրոպական չափանիշներով կահավորված բուժհաստատությունում։

Մարզպետի տեղակալը նաև հայտնեց, որ ծննդատան փոխարեն գործելու է Էնդոկրինոլոգիայի 30 մահճակալանոց բաժանմունք, որտեղ, ըստ Մուրադյանի, կաշխատեն ծննդատան բուժաշխատակիցները. «Մարզում շաքարային դիաբետով հիվանդները շատ են, այս բաժանմունքը նրանց շատ կօգնի», - նկատում է Լարիսա Մուրադյանը։