Սարգսյանը ծանոթացել է Բլեյանի մոդելին
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով:
Այնուհետև վարչապետը եղել է գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում, թատրոնի և պարի ակումբում, ծանոթացել ավագ դպրոցի արվեստանոցներում իրականացված «Պիկասո» և ընթերցարան-լաբորատորիայում կազմակերպված նախագծային աշխատանքների արդյունքներին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը. «Մենք կկազմակերպենք մտքերի փոխանակում և բանավեճ՝ կրթական համակարգում լավագույն մեթոդաբանությունը ներդնելու համար, կքննարկենք դրանց հարաբերական առավելությունները, թույլ և ուժեղ կողմերը: Սա խթան է մեզ համար, որպեսզի նոր թափ հաղորդենք կրթական բարեփոխումներին և ընդունենք այն կրթահամալիրները, որոնք հաջողության են հասել, և որոնց նկատմամբ կա նաև ծնողների վստահություն»: Ընդգծելով երեխայի ինքնադրսևորմանն ուղղված մեթոդաբանության կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում և հնարավորություն տանք մեր տաղանդաշատ ուսուցիչներին, որ նրանք նույնպես ինքնադրսևորվեն և կարողանան այդ կապը հաստատել երեխայի հետ: Մենք ուսումնասիրում ենք այս կրթահամալիրի փորձը, որպեսզի, ստեղծելով հենց այսպիսի միջավայր, կարողանանք բացահայտել երեխայի տաղանդը և շնորհները: Կարևոր է, որպեսզի ուսուցիչները պատրաստ լինեն աշխատել այսպիսի միջավայրում: Բնականաբար, ես կցանկանամ, որպեսզի իմ երեխաներն էլ այսպիսի միջավայրում կրթություն ստանան, որովհետև այն ապահովում է բազմազանություն, ուրույն մտածողություն, ստեղծագործական մոտեցում»:
Կրթահամալիրի մայր դպրոցում վարչապետ Սարգսյանն այցելել է պատանեկան ակումբներ, որտեղ կազմակերպվում են մարմնամարզության և հանրակրթական պարի դասընթացներ, ինչպես նաև կրթահամալիրի դպրոցների խոհարարների սեմինարներ: Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնական հաստատության սաների կազմակերպած համերգին և ողջույնի խոսքում բարձր գնահատել կրթօջախում ձևավորված մթնոլորտի դերը՝ որպես երեխաների դաստիարակության կարևոր գործոն:
Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում սաները վարչապետին են ներկայացրել ՀՀ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, Արցախի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Վրաստանի դպրոցների հետ ծավալված համագործակցության և համատեղ ծրագրերի արդյունքները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել աշակերտներին ջերմ ընդունելության համար. «Մեր այցի նպատակն էր՝ ծանոթանալ կրթահամալիրին և կառավարությունում մասնագիտական քննարկում ծավալել, թե կրթական համակարգի բարեփոխումներն ինչպես ենք առաջ տանելու: Այսօր Հայաստանում կան տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի միջնակարգ կրթական համակարգը, և որ մոդելն է առավել ընդունելի մեզ համար»: