Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Տնտեսություն

Երեւանում այս տարի կենտրոնացված ջեռուցում չի լինելու. այդ մասին հաղորդվել է մի քանի շաբաթ առաջ արդեն: Սա տրամաբանական էր, քանի որ տարեց տարի ջեռուցվող շենքերի թիվը նվազում էր: Եթե 2000թ-ին Երեւան, Հրազդան, Վանաձոր քաղաքներում ՋԷԿ-երը ջեռուցել են 350 շենք, ապա 2003թ-ին դրանց թիվը 300 էր:

«Ջերմամատակարարման համակարգը բոլոր փուլերում՝ արտադրությունից սկսած մինչեւ սպառում, կրիտիկական վիճակում է»,- ասաց Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասնագետ Գուրգեն Հակոբյանը «Էներգետիկայի հիմունքերը ոչ էներգետիկների համար» սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր «PA Consulting Group»-ը: Չվճարումների բարձր մակարդակը, «ոչ կատարյալ» տեխնիկական իրավիճակը, ջերմության ահռելի կորուստները պատճառներ են, որոնք խրտնեցնում են ներդրողին:

Շենքերի ջեռուցման հնարավոր տարբերակ է լոկալ կաթսայատների կառուցումը: Եթե ջերմային էներգիայի արտադրության համակարգի հզորությունը չի գերազանցում 5,8 ՄՎտ-ը, ապա այդ գործունեությունը չի լիցենզավորվում: Հետեւաբար, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի սահմանում լոկալ ջեռուցման սակագները: Ըստ մասնագետների, լոկալ ջեռուցման դեպքում բնակիչը վճարում է նույնքան գումար, ինչքան կենտրոնացված ջեռուցման դեպքում: Դժվար է ասել՝ թե երբ մասսայաբար կկիրառվեն լոկալ կաթսայատները: Դրանց կառուցումն արդեն որոշակի գումարներ է ենթադրում, որոնք կներդրվեն միայն վճարումների երաշխիքի դեպքում:

Լոկալ ջեռուցման համակարգի կայացմամբ Հայաստանում կավելանան սպառվող գազի ծավալները: Հանրապետության գազաֆիկացումն ավարտելու համար, ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Աշոտ Հովսեփյանի, գումարներ են անհրաժեշտ: Ըստ նրա, այսօր իրենք դժվարություններ ունեն բարձրահարկ շենքերը գազաֆիկացնելիս:

«Ոչ ոք 200 դոլար չի տա մենակ գազի սալիկ օգտագործելու համար»,-ասում է նա: Իսկ բարձրահարկ շենքերում, ըստ սահմանված կարգի, գազով կարելի է բնակարանները տաքացնել միայն որոշակի պայմանների՝ օրինակ տանիքում տեղադրված ծխնելույզի առկայության դեպքում: «Փայտ, պակրիշկա կարելի է վառել, գազ չի՞ կարելի»,- ասաց «Հայռուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրենը:Ի դեպ, հաջորդ տարի «Հայռուսգազարդ»-ը հայտ է ներկայացնելու Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը փոփոխելու համար: Կբարձրանա սակագինը, թե ոչ՝ դեռեւս պարզ չէ: