Ավագանու նիստ է գումարվել
Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաև 2014թ. միամյա ծրագրերը: Քննարկման արդյունքում Երևանի ավագանին գրանցված 56 անդամների քվեարկությամբ՝ ձայների 50 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, հաստատեց Երևանի զարգացման քառամյա և գրանցված 55 անդամների քվեարկությամբ՝ ձայների 49 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, Երևանի զարգացման 2014թ. ծրագրերը:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, ինչպես նաև Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Երևանի ավագանին գույքահարկի արտոնություն է սահմանել նաև Հայաստանի նկարիչների միության անամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների՝ ստեղծագործական արվեստանոցների մասով: Երևանի ավագանին սահմանել է նաև Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի և վճարների 2014 թվականի դրույքաչափերը: Ավագանին սահմանել է նաև Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը:
Ծառայողական ավտոկայանատեղիների համար կսահմանվի ցուցանակի միասնական ձև, որտեղ նշված կլինեն կայանման պայմանները: Ծառայողական ավտոկայանատեղիների համար վճարվող գումարն ամբողջությամբ մուտքագրվելու է համայնքային բյուջե:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն