Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորյա տոնավաճառը մեկնարկել է

Հասարակություն
e1d962d35d7e207302223bb0da15c1b5

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի խոսքով՝ դեկտեմբերի 17-ից մինչև հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաև տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։ Կամո Մովսեսյանը ներկայացրել է մեծ միջոցառումների ցանկը։
«Դեկտեմբերի 17-ից հետո, երբ քաղաքապետը խորհրդանշական միջոցառումով կմիացնի Երևանի տոնական լուսավորությունը, կմեկնարկեն տոնական մեծ միջոցառումները՝ ըստ օրերի։ Հանրապետության հրապարակում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև մանկական համերգ»,- նշել է Կամո Մովսեսյանը։ Բացի տոնական միջոցառումները Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր թատրոններում դեկտեմբերի 25-ից սկսած կլինեն ամանորյա տոնական ներկայացումներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է միջոցառումների ուղեկից՝ տոնական կերպարներ մարմնավորելու թույլտվություն ստանալու մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է նախ հերթագրվեն՝ դիմելով վարչություն։

Տոնական միջոցառումներից բացի անցկացվելու է նաև ամանորյա տոնավաճառ։ Այդ նպատակով յուրահատուկ ձևավորում կունենա Հյուսիսային պողոտան, որտեղ, բացի ավանդական լուսային և դեկորատիվ տարրերից, կտեղադրվեն նաև տոնավաճառի համար նախատեսված տնակները։ Ամանորյա տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 11-ից մինչ հունվարի 13-ը և հնարավորություն է ընձեռելու բոլորին, հետաքրքիր ժամանակ անցկացնելուց զատ, նաև կատարել գնումներ և վայելել ամանորյա գեղեցիկ երաժշտություն։
«Տոնավաճառը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ է իրականացվում։

Մասնակիցները բոլոր այն ընկերություններն են, որոնք պատրաստ են վաճառելու հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակներ. դրանք հիմնականում ամանորյա խորհրդանշական իրեր են»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Ի դեպ, դեկտեմբերի 20-29-ը Մաշտոցի պուրակում և Կոմիտասի պողոտայի ու Կասյան փողոցների հատման հրապարակում գործելու են նաև գյուղմթերքների շուկաներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն