Գյուղում մարդ չկա, որ հարկ հավաքվի
Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում նվազել են թե' հողի հարկից եւ թե' գույքահարկից առաջացած եկամուտները: 2013 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ համայնքը հավաքագրել է սեփական եկամուտների 46,8 տոկոսը:
Ծաղկալանջի ղեկավար Մանվել Մկրտչյանի խոսքով` համայնքը նախորդ տարիներին ապահովել է 100 տոկոս կատարողական, ընթացիկ տարում, սակայն, սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր եկամուտ է ունեցել:
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշները պայմանավորված են մի շարք հարցերով, որոնցից է նաև հողերի անմշակ լինելը, անբերրիությունը:
Մանվել Մկրտչյանը նշեց, որ այս տարվա հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշի պատճառը մայիս ամսին տեղացած կարկուտն է. «Կարկուտից գյուղի 124 հեկտար ցանքսը վնասվեց, եղած բերքն էլ անորակ էր, գյուղացին չկարողացավ վաճառի, որ հարկ մուծի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ծաղկալանջի գյուղապետը:
Ըստ նրա` հարկերի վատ հավաքագրման պատճառներից է նաեւ այն, որ մարդիկ արտերկրում են գտնվում եւ չեն մշակում իրենց սեփականություն հանդիսացող հողերը:
Կարկուտից տուժած բնակիչներից Էռնանինա Գյանջումյանը սրտնեղում է հարկերից. «Կարկուտը սաղ բերքը սրբեց-տարավ, կարողանում ենք վաճառել, որ հողի, ջրի հարկը տանք, մի կերպ փողը իրար ենք անում՝ հողի հարկը տալիս», - ասաց Ծաղկալանջի բնակիչը:
Տեղեկացնենք, որ Դեկտեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 757 մլն 45 հազար դրամի դիմաց կազմել է 1 մլրդ 581 մլն 798 հազար դրամ` 90 տոկոս կատարողական: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3, 7 տոկոսով: