Երթուղիների մրցույթում մրցակցություն չկա (տեսանյութ)
Երեւանից դեպի մարզեր մի քանի երթուղինների մրցույթն այսօր անցավ առանց մրցակցության: Հյուսիսային ավտոկայանում մեկնարկած մրցույթում յուրաքանչյուր երթուղու համար ներկայացվել էր մեկ հայտ:
Տրանսպորտի եւ կապի Նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը մրցակցության բացակայության պատճառների մասին ասում է. «Պատճառը օրինակ օրահոսքի անկումն է, ներդրումներ չեն կարողանում անել»:
Իսկ շրջանառվող լուրերի համաձայն՝ մրցակցություն չկա, քանի որ բոլորին է հայտնի, թե որ երթուղին, որ պաշտոնյային կամ նրա ազգականին է պատկանում. «Մենք չգիտենք թե երթուղին ում է պատկանում ու ընդհանրապես հետաքրքիր չէ, հանձնաժողովը ստուգում ու գնահատում է բոլորին հավասար»:
Անուշավան Նիկողոսյանը հայտ է ներկայացել Երեւան- Ստեփանավան երթուղին սպասարկելու համար։ Նա համոզված է՝ օբյեկտիվ գնահատման դեմքում ինքը կհաղթի. «Ստեփանավանում կազմակերպություն չկա, որ ունենա սեփական արտադրական բազա եւ նոր տրանսպորտային միջոցներ»:
«Անդավ» ընկերության տնօրենը առաջին անգամը չէ, որ մասնակցում է երթուղիների մրցույթին, սակայն միշտ էլ մրցակիցներ է ունեցել եւ պարտվել. «Անդրանիկ Մանուկյանի օրոք շատ ավելի սուբյեկտիվ էր, այսօր չեմ կարող ասել»։
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Գործող օրենսդրությամբ՝ մեկ թեկնածուի առկայությունը դեռ չի նշանակում, որ նա է հաղթելու, եթե ընկերություններից ոչ մեկը չհամապատասխանի պահանջվող չափանիշներին, ապա 45 օր հետո կհայտարարվի նոր մրցույթ: