Մարդկանց իմունիտետը թուլացել է
Գրիպի և սուր շնչառական վարակների առումով այսօր հանրապետությունում իրավիճակը հանգիստ է. «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։
Նա նաև հայտնեց, որ գրանցված սուր շնչառական վարակներն այս սեզոնի համար օրինաչափ են։ Լիանա Թորոսյանը նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքում ընթացիկ տարում գրիպի համաճարակի դեպք չի գրանցվել. «Հանրապետության մարզերում նույնպես սուր շնառական վարակների լուրջ դեպքեր չեն արձանագրվել, օրինակ՝ Սյունիքի, Արարատի մարզերում հիվանդության մեկ - երկու դեպք է գրանցվել», - տեղեկացրեց
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը։
«Այս տարի սուր շնչառական հիվանդություններն ակտիվ էին հատկապես փետրվար- մարտ ամիսներին», - ընդգծում է Լիանա Թորոսյանը։ Ըստ նրա՝ այդ ակտիվությունը պայմանավորված էր հիվանդության պարբերականությամբ. «Գրիպը կամ սուր շնչառական հիվանդությունները մի քանի տարի կարող են հանգիստ վիճակում լինել, հետո այդ վարակները կարող են գլուխ բարձրացնել և սրվել, դրան կարող է նպաստել նաև մարդկանց թույլ իմունիտետը»,- ասաց Թորոսյանը։
Մասնագետը խորհուրդ է տալիս լինել զգոն եւ պահպանել հիգիենայի կանոնները` վարակներից խուսափելու համար: