«Չարենցն էլ կեղծանունով գրի, չեն կարդա»
Գրողների միությունն ունի 500 անդամ, սակայն նրանցից շատերը գրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս կարծիքին է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի համագումարին ձայն տան իրենց։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Բակուր Կարապետյանը առաջարկում է, որպեսզի միությունում մնան միայն իրական գրողները։ Նա խնդրի լուծում չի համարում այն, որ շատերն այսօր լքում են գրողների միությունը. «Պետք է մնալ եւ պայքարել»,- նշում է նա։
Ըստ Բակուր Կարապետյանի՝ գրողների միության նոր նախագահը ոչ թե անջատման, այլ միավորման դեր պետք է կատարի։
16 գեղարվեստական գրքի հեղինակ Էդուարդ Խաչիկյանն էլ անդրադառնալով ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նախագահի մրցանակ տրամադրելուն` նշեց, որ հույս էր ունեցել, թե Էդվարդ Միլիտոնյանի գալով` այդ արատավոր բարքերը կվերանան, սակայն ապարդյուն։ «Եթե Չարենցը կենդանի լիներ եւ կեղծանունով գրվեր, ապա նա էլ չէր արժանանա մրցանակի, քանի որ գրածը չէին կարդալու»,- համոզված է գրողը։ Գրողները հիշեցնում են, որ մշակույթի կապը հասարակության հետ խաթարված է: