Հաշմանդամություն ունեցողներն էլ են դեմ կուտակայինի (տեսանյութ)
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը հաշվի չի առել հաշմանդամություն ունեցողների յուրահատկությունները։
Համակարգը, որը ենթադրում է եկամուտների նվազեցում, առավել կհարվածի հաշմանդամություն ունեցողների գրպանին՝ կարծում է Ստեփանավանում գործող «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը եւ հիշեցնում, որ տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց, եւ նրանք ստիպված են օգտվել տաքսիներից. «Այն մարդիկ, որ լրացուցիչ ծախսեր են անում, պատկերացրեք ամսեկան աշխատավարձի 20-30 տոկոսը ծախսում են տրանսպորտի վրա, ինչ լարվածություն է լինելու»։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար թիվ մեկ խնդիրը, սակայն, այսօր շենքերի մատչելիությունն է, ինչն այսօր քննարկվեց նաեւ բրիտանական խորհրդի կազմակերպած աշխատաժողովում. «Բոլոր համայնքները կամաց-կամաց, բայց զարգացում են ապրում, ցավալի է, որ համընթաց չի արվում ներառական միջավայր ստեղծելը»,- ասում է Սուրեն Մաղաքյանը։
Ի տարբերություն մարզերի՝ Երեւանում «Ունիսոն» ՀԿ նախագահը նկատում է դրական տեղաշարժ։ 2013թ-ին հատկապես փոքր կենտրոնում թեքահարթակներ են տեղադրվել։ Երեւանը մատչելի դարձնելու համար քաղաքապետարանը այս տարի հատկացրել էր 20 մլն դրամ ։ 2014-ին հատկացվող գումարը կհասնի 40 մլն-ի։