Ցուցահանդես քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, ինչը վերջին տարիներին ավանդույթ է դարձել և հաշվետվություն ներկայացնելու յուրօրինակ առիթ՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու և հաջորդ տարվա ծրագրերը նախանշելու համար։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ողջունելով ներկաներին, ընդհանրացված ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ծրագրերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները նվազեցնելու ուղղությամբ։
«Երևան քաղաքում արվել են բազմաթիվ ծրագրեր, նախաձեռնություններ՝ ձեր խնդիրները մեղմելու ուղղությամբ, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա դեռևս բնավ էլ ամբողջական չէ։ Միևնույն ժամանակ, գործն է, որ տեսանելի է ձեզ համար, թե որքան նորարարություններ են առկա Երևան քաղաքում՝ միտված, ասենք, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների տեղաշարժի պայմանների բարելավմանը։ Ձեր ներկայությունը ոգի է ներշնչում և պարտավորեցնում է առավել արդյունավետ գործել»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու ջանքերն աննախադեպ են։
«Առաջին անգամ է, որ քաղաքապետարանը բոլոր ոլորտներում համապատասխան լուծում է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման գործում։ Մասնավորապես, թեքահարթակների կառուցման առումով հաջորդ տարի ևս համագործակցելու պայմանավորվածություն ունենք, ավելին՝ ծրագիրը այս տարվա կատարվածի համեմատ կրկնապատկվել է։ Ծրագրված է նաև մի քանի տրանսպորտային միջոցների հարմարեցում՝ սայլակավոր քաղաքացիների տեղաշարժը բարելավելու համար»,- նշել է «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահը։
«Փյունիկ» հաշմանդամների միության, ինչպես նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպության երկու տասնյակից ավելի անդամների քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրերով՝ հասարակական, մշակութային գործունեության համար։
Քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Փյունիկ» հաշմանդամների միության հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող վրաստանցի հյուրերը, ովքեր Երևան են ժամանել «Մենք տարբեր ենք, բայց մենք կարող ենք» միջազգային ծրագրի համագործակցության արդյունքում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև «Փյունիկ» միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները և «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» երգչախումբը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն