Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոներից հետո պանրի դեֆիցիտ կունենանք

Հասարակություն
e1cb87c18129ab74f46b9a443516ccf2

Պանրի արտահանման ծավալները նվազել են։ Նախատեսվածից 12 տոկոս քիչ պանիր է արտադրվել, կաթի ծավալները կրճատվել են 25-30 տոկոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կաթի արտադրության ծավալները նվազել են, քանի որ կիթն այս տարի մեկ ամիս ուշացումով է սկսվել։

Նա նաև նշեց, որ պանրագործության ոլորտում կատարվել են զգալի աշխատանքներ։ 11 գործարաններ տեխնիկապես պատրաստ են պանիր արտահանել։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ հայկական պանրի նկատմամբ հետաքրքրությունն աճում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում։ Պանրագործների միության նախագահը նշեց, որ Հայաստանում դեռ կաթի արտադրության հարցը բաց է։ Միության նախագահի խոսքով՝ պետք է պայմաններ ստեղծել ոլորտում ներդրումների համար:

Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Նոր տարվա շեմին պանիրը չի թանկանա։ Սակայն, ըստ նրա, կաթի պակաս կա, հունվար- փետրվար ամսին, եթե կովերի ծինն ուշանա, պանրի դեֆիցիտը բացառել չի կարելի:

Անդրադառնալով ընթացիկ տարում պանրագործության ոլորտում առկա խնդիրներին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ պանրագործներն ընթացիկ տարում արտահանման խնդիրներ են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ. պատճառը ԱՄՆ կողմից չափորոշիչների խստացումն էր։ Պանրագործների միության նախագահն ավելացրեց, որ խնդիրը լուծվել է, և պանիրն արտահանվում է: