Վարդենիկ գյուղում աշակերտ է կալանավորվել
Կառավարության դիմաց այսօր բողոքում էին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները։ Նրանք կալանավորված՝ Վարդենիկ գյուղի կրթահամալիրի աշակերտ 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանի ծնողներն ու հարազատներն էին։ Բողոքի ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում էին արդար վերաբերմունք Վարդենիկ գյուղի բնակիչ, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ:
Բանն այն է, որ Մեսրոպ Գրիգորյանի և ֆիզկուլտուրայի ուսուցչի միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 17-ամյա տղան, որ սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել է։
Աշակերտի հոր՝ Մարզպետունի Գրիգորյանի խոսքով՝ աշակերտի և ուսուցչի միջև սեռական բնույթի հայհոյանք և միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում զայրացած Մեսրոպ Գրիգորյանը հարվածել է ուսուցչին. «Եթե ուսուցիչը իմ տղային սեռական բնույթի հայհոյանք չտար և երկու բռունցքներով չհարվածեր, ապա նա ձեռք չէր բարձրացնի նրա վրա», - ասաց Մարզպետունի Գրիգորյանը։
Նա նաև հավելեց, որ միջադեպը փոքրիկ բանից է սկսվել. «Դասարանում նստած, տղայիս ոտքը նստարանի տակով կպել է ուսուցչի ոտքին, դասատուն ասել է՝ ինչի՞ ոտքդ չես քաշում, տղաս պատասխան է տվել, ուսուցիչն էլ զայրացել է և դրանից սկսվել է այս պատմությունը», - հավելեց Վարդենիկ գյուղի բնակիչը;
Մեսրոպ Գրիգորյանի հոր փոխանցմամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչը բժշկական ծախսերի համար իրենցից պահանջել է 10.000 դոլար, որպեսզի գործ չհարուցվի աշակերտի նկատմամբ. «Բայց մենք նշված գումարը չկարողացանք տալ, տվեցինք կեսը` 2 միլիոն։ Բողոքը հետ վերցնելու փոխարեն նորից բողոքեցին, ու 17 տարեկան երեխուն կալանավորեցին», - նշեց Մարզպետունի Գրիգորյանը։
Կալանավորված երիտասարդի ծնողները պատասխան էին պահանջում նաեւ Կրթության և գիտության նախարարությունից:
«Մենք ուզում ենք, որ դպրոցում այդպիսի ուսուցիչ չաշխատի, մեր երեխուն կալանավորեցին, իսկ նա ազատ աշխատում է», - ասաց հարատներից մեկը։ Խնդիրը ներկայացվեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին: