Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ աճել է»

Հասարակություն
9eb07eabca35a9d97c45df3a53f3be16

ՀՀ Փաստաբանների պալատի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից այսօր կազմակերպվել էր «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» ծրագրի վերջնական արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է. «Չափազանց կարևոր և արդիական թեմա է քննարկվելու, քանի որ հնարավորություն ենք ունենալու պարզել, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը ինչ ծավալով և ինչ պայմաններում են իրականցվում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է: Նույնիսկ կենսաթոշակային տարիքի քաղաքացիները իրենց կենցաղային վեճերը սպառնում են լուծել Եվրոպական դատարանով»:

Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի դատական ակտը չի կարող ծառայել իր նպատակին, եթե ապահովված չէ այդ դատական ակտի արդյունավետ կատարումը: ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր է գնահատել այն աշխատանքը, որ իրականացրել են Հայաստանի ներպետական փորձագետներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Վերջիններս ներկայացրել են Եվրոպական Խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողական նոր ընթացակարգերը, անհատական բնույթի միջոցառումների և ընդհանուր բնույթի միջոցների իրագործման և ավարտված վարույթների մասին արդյունքները:

Մասնակիցները քննարկել են երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային ատյաններում, ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացված հաղորդումները (Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի, Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի), երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային ատյաններում, ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները (amicus curiae) (Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ և Արթուր Խաչատրյանի դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ):