«Պատերազմի տարիներին ավելի լավատես էինք»
Թատերական ոլորտը բարեփոխության կարիք ունի՝ կարծում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Ըստ նրա՝ թատերական կառավարման սիստեմը ժանգոտել է, մարդիկ մտածում են միայն այն մասին, որ հանկարծ աղմուկ չլինի. «Դուք չեք կարողանա պատկերացնել՝ ինչպիսի վիճակում է գտնվում թատերական գործի կազմակերպումը՝ բյուրոկրատական թղթերի մեջ խրված և անարդյունավետ ադմինիստրատիվ կառավարման տեսակետից», - ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ այսօր մտավորականն իր երկրում իրեն օտարված է զգում. «Պատերազմի տարիներին ավելի վատ էինք ապրում, բայց ես ավելի լավատես էի, որովհետեւ գիտեինք, թե ինչի համար է այդ ամենը: Այսօր ես չեմ զգում իմ երկրի տերը, այն, ինչ կատարվում է երկրում, կատարվում է երկրից դուրս, ինձ օտարել են երկրի մասին որոշում կայացնելուց», - նշեց
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Անդրադառնալով կոմպոզիտորների, նկարիչների և գրողների միությունների գործունեությանը՝ Բաբայանը նշեց, որ ինքն անլուրջ է վերաբերվում նրանց. «Ժամանակը փոխվում է, նրանք չեն փոխվում»,- ասաց Ռուբեն Բաբայանը և հավելեց, որ այս միությունները սոցիալական և իրավական աջակցություն չեն ցույց տալիս ստեղծագործողին։
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ գալիք տարի ենք գնում կոկորդիլոսի խաշած մարմնով եւ օլիգարխների՝ թեւի տակ դրած կոկորդիլոսներով, որ տանում են իրենց թուջեկուրծք կանանց զարմացնելու։
Երգահան Վահան Արծրունու խոսքով՝ այս տարվա ամենամեծ ողբերգությունը մշակութային դաշտում Վարդան Պետրոսյանի ճակատագիրն է, ով հայտնվել է այնպիսի տարածքում, որը ժխտում է իր՝ մտավորական լինելը։